BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Pentecost

Pentecost
06.06.2017 | 03:23

Համաշխարհային ջրհեղեղից Նոյի փրկած մարդկությունը մեկ ժողովուրդ էր ու խոսում էր մեկ լեզվով: Արարատից նրանք շարժվեցին Տիգրիսի ու Եփրատի ստորին հոսանքը՝ Սենաար, ու այնտեղ քաղաք կառուցեցին, իսկ քաղաքում՝ աշտարակ մինչև երկինք: Քաղաքը կոչվեց Բաբելոն, աշտարակը չավարտվեց՝ Աստված խառնեց մարդկանց լեզուները, նրանք դադարեցին իրար հասկանալ ու ցրվեցին աշխարհով: Բաբելոնյան աշտարակի առասպելը միայն Աստվածաշնչում չի մնացել, Միջագետքում գիտնականները գտել են հինավուրց տաճար-աշտարակների ավերակներ, որ կոչվում էին զիկուրատներ: Զիկուրատների գագաթին կրոնական ծեսեր էին անում և ուսումնասիրում էին աստղերը: Ամենաբարձր զիկուրատը Բաբելոնում էր ու կոչվում էր Էտեմենանկի՝ տուն, ուր հանդիպում են երկինքն ու հողը: Էտեմենանկին, ինչպես Բաբելոնը, մի քանի անգամ ավերվել ու կառուցվել է: Վերջին անգամ վերականգնեց երկրորդ Նաբուգոդոնոսորը, մ.թ.ա. 331-ին, վերջին անգամ քանդեց Ալեքսանդր Մակեդոնացին, որ հիմնանորոգի, ու վախճանվեց: 85 միլիոն աղյուսների որոշ մասը պահպանվել է, կավե տախտակները վկայում են՝ տաճար-աշտարակը Աստծուն էր նվիրված: Բայց Աստված չէր ուզում մարդիկ անընդհատ ելումուտ անեն իր տունն ու ոտատակ ընկնեն, աշտարակը երկնքին չհասավ, մարդիկ գամվեցին հողին, ու երկինքը մնաց նպատակ: Կիսատ զիկուրատի ու բազում լեզուների պատմությունն այդքանով չավարտվեց: Հիսուսի հարության 50-րդ ու համբարձման 40-րդ օրը, երբ Հիսուսի աշակերտները Երուսաղեմում էին՝ Սիոն լեռան վրա, երկնքից մեծ աղմուկ լսվեց, հզոր քամին լցվեց տունը, ուր հավաքվել էին աշակերտները ու նրանց վրա Սուրբ Հոգին իջեցրեց լեզուները՝ կրակի լեզվակների տեսքով, որ չէին այրում: ՈՒ նրանք սկսեցին խոսել բոլոր լեզուներով, որ կային աշխարհում՝ նրանց էր տրված կառուցել Բաբելոնի իրական՝ հոգևոր աշտարակը: Օրը կոչվեց pentecost:

Բարձրյալը խառնեց լեզուները և բաժանեց ժողովուրդներին, իսկ երբ վերադարձրեց՝ միասնության կոչ էր բաժանվածներին: Անխախտ հավատով աշտարակն ավարտելու: Մենք զիկուրատի քանդվելը ապրել ենք, pentecost-ը՝ ոչ: Թեպետ Հիսուսի աշակերտները, որ նրա կամքով արդեն առաքյալներ էին դարձել, նաև հայերենն էին ստացել: Նրանք հայերենը գիտեին, նրանք եկան Հայաստան, բայց մենք ոչ միայն ուզում ենք աշխարհի հետ հարաբերվել հայերեն, այլև ուզում ենք, որ աշխարհը մեզ հետ հայերեն հարաբերվի: Մենք շարունակում ենք կառուցել Բաբելոնի աշտարակը, թեպետ pentecost-ից պիտի հասկանայինք, թե որն է Աստծուն մոտեցնող իրական աշտարակը:


Հայաստանում լեզուները դեռ խառնված են՝ ամեն մեկը խոսում է իր լեզվով ու պահանջում, որ իր հետ իր լեզվով հարաբերվեն: Հայաստանում բոլորն իրենց առաքյալ են զգում ու մարգարե, թեպետ վերջին մարգարեն երկիր է եկել 7-րդ դարում ու անունն էլ Մուհամեդ էր: Հայաստանում բաբելոնյան խառնակությունը շարունակվում է:
Պատճա՞ռը: Իշխանության ինքնահաստատումը: Թվում էր՝ նման խնդիր այլևս չկա ու ընտրություններից հետո առավել ևս չի կարող լինել: Բայց այսօր հենց այդ գործընթացն է՝ իշխանությունը փորձում է իրավիճակը վերցնել իր ձեռքը: Ամեն կողմը՝ իր: Մինչև այսօր չի բարձրաձայնվել, որ անցյալ տարվա սեպտեմբերից Հայաստանում սկսվել է երկիշխանություն, որ հրապարակավ ներկայացվում է միասնական ու մի թիմ՝ ամբողջական ու նույն խնդիրները լուծող, նույն նպատակին ծառայող: Բնավ: Ամիսներ առաջ կառավարության կազմի փոփոխությամբ Հանրապետության հրապարակ եկան նոր մարդիկ, որ համակարգի մաս չէին կամ համակարգին հարաբերվել էին բուրգից դուրս: Դա նրանց տալիս էր ազատություն իրենց ոլորտներում՝ նրանք չունեին կախում ու կաշկանդումներ, որ ձևավորվել էին անցած տարիներին՝ ոլորտից ոլորտ տեղափոխվող նրանց նախորդների օրոք: Վարչապետ Կարեն Կարապետյանին չհաջողվեց լիովին իր թիմը ձևավորել՝ նրան տրվեց միայն տնտեսական բլոկը, արտաքին քաղաքականությունն ու ուժայինները, արդարադատությունը մնացին անհասանելի:

Դա արդեն նշանակում էր, որ նա գործելու ազատություն ունի 1/3-ով և, 2/3-ը նրան ոչ միայն չի օգնելու, այլև չեզոք չի լինելու: Ավելի հաճախ խանգարելու է, քան ենթարկվելու: Սա նրա 1-ին սխալն էր, որ չգիտակցել վարչապետը չէր կարող: Նա կարող էր պահանջել և ստանալ չեզոքության խոստում: Բայց չէր կարող չհասկանալ, որ խոստումը չի կատարվելու: Ոչ թե անձերի չկամության պատճառով, այլ համակարգը չքանդելու կենսական պահանջից ելնելով: Ի վերջո, ՀՀԿ-ն պահպանողական, բայց քաղաքական անմեղսունակների ու անզորների կուսակցություն չէ, որ տարեցտարի նույն խնդիրները բարձրաձայնում, երկար-կարճ, տաղտուկ ու հմայիչ, երկարաշունչ-աֆորիստիկ ձևակերպումներ է տալիս, բայց չի լուծում: Չի լուծում ու վերջ: Այդ խնդիրների կեսը լուծվելու պարագայում համակարգը ներսից փոխվում է՝ ինքն իրեն քանդում է ու փոխում է կառավարման համակարգը ոչ ձևական-անվանական՝ կիսանախագահականից խորհրդարանականի անցնելով, այլ հենց կյանքում կատարվում են անդառնալի փոփոխություններ, երբ օլիգարխին ձեռնտու չէ ստվերում աշխատել, երբ տնտեսությունը փոխում է կառուցվածքը, դուրս է գալիս սպասարկման ու սպառման տրամաբանությունից, անցնում է արտադրանք տվողի, ներկրումն ու արտահանումը հավասարակշռողի, արտաքին քաղաքականությունը տնտեսական շահերից բխող լուծումներով պայմանավորելու, և տասնյակ նման «և»-երի:

Հենց այդ պատճառով ՀՀԿ-ն չի կատարում իր ծրագրերը ու երբեք չի կատարելու՝ ամեն անգամ «բարեփոխումներն ավարտելու» լրացուցիչ ժամանակ պահանջելով: Եվ, զուգահեռ այդ ընթացքին, իրեն դրսևորելու է իբրև քաղաքական Նարցիս, որ իրենից դուրս ոչինչ ոչ թե չի տեսնում, այլ չի ընդունում ու համարում է, որ քաղաքականության մեջ գոյության իրավունք ունեն ինքն ու իրեն սպասարկողները, մնացածը վերացման դատապարտված տեսակ են՝ համենայն դեպս՝ պետության քաղաքականության վրա ներգործության տեսակետից: Նրանք դա բացատրում են իրենց մեծամասնություն լինելու բանաձևով՝ համառորեն չընդունելով, որ իրենց դեպքը չէ:
Մեծամասնությունը, որ կարող է իր ծրագիրն ու իր լուծումները պարտադրել, ձևավորվում է ընտրություններով, որոնց արդյունքները որևէ կասկած չեն հարուցում: Վարչապետ Կարեն Կարապետյանը դա էլ գիտեր, բայց ընդունեց խաղի իրեն պարտադրված կանոնները ու համաձայնեց, որ ՀՀԿ-ն իրենով առժամանակ սքողի իր քաղաքական նարցիսությունը ու նոր ոգի, սիմվոլ, փոփոխությունների ալիք ձևացնի: Դա նրա 2-րդ սխալն էր: Նա չկարողացավ նոր խորհրդարանում իր թիմն ունենալ ու հենարան ստեղծել, տանուլ տվեց իշխանությունը պահելու ճանապարհին նաև այս ճակատամարտը, դա նրա 3-րդ սխալն էր: ՀՀԿ-ի արխայիկ ու ագրեսիվ մեծամասնությունը գործում է վախի թելադրանքով ու գնում է ուժի հետևից: Գաղափարները նրանց համար անծանոթ սնկեր են, որ կարող են թունավոր ու կյանքի համար մահացու վտանգավոր լինել: 4-րդ սխալը տեղեկատվական-քարոզչական թիմ չունենալն էր, որ պիտի աշխատեր նրա ու նրա կառավարության աշխատանքը, նպատակներն ու քայլերը ներկայացնելու ու հանրայնացնելու՝ ժողովրդի համակրանքը ստանալու համար:


5-րդ սխալը, որ ճակատագրական կարող է լինել Կարեն Կարապետյանի ու նրա կառավարության համար, սերտ կապվում է 1-ինին՝ նրա նախարարներն աշխատում են և լավ են աշխատում, բայց աշխատանքի արդյունքը չի զգացվում ու չի ընկալվում, որովհետև բախվում է համակարգի այն մասի դիմադրությանը, որ նրան ենթակա չէ: Ամենօրյա, գործնական, ոչ հրապարակային դիմադրությանը: Հրապարակայնացնելով դիմադրությունը՝ վարչապետը բախվելու է համակարգին ու տանուլ է տալու: Չհրապարակայնացնելով նա փորձում է` 1-ինը՝ ժամանակ շահել, 2-րդը՝ հնարավորինս ոչ ստանդարտ լուծումներով այնպես փոխել իրավիճակը, որ ստանա ֆինանսներ, ու 3-րդ՝ ապահովել ժողովրդի աջակցությունը, երբ ստեղծվի կամ/կամի պահ: Մեղմ ասած՝ արկածախնդրություն է: Պարզ ասած՝ կամիկաձեներ, որ գործում են առանց անձնական պաշտպանվածության և աշխատանքի արդյունքների անդառնալիության երաշխիքների: Իսկ դա նշանակում է՝ հաջորդ նախարարը գալու է ու սկսելու է զրոյից՝ ջնջելով նրանց հետքերը: Դառը պատկեր է, բայց այսօր կա դրայվ, ու կան լծակներ, որ չգործածելը հիմարություն է: Այն, որ մինչև նախագահի պաշտոնավարման ավարտը Կարեն Կարապետյանին տրվեց կառավարության նույն կազմով աշխատելու հնարավորություն, որքան հաղթանակ, նույնքան պարտություն էր: Հաղթանակ էր, որովհետև նրա ոչ բոլոր նախարարներն են համակարգում անհրաժեշտ փոփոխություններն անում ու ոչ բոլորն են հանրության հետ հարաբերությունները ճիշտ կառուցում, ոչ բոլորն ունեն ընկալում ու համակրանք, բայց մնացին: Պարտություն էր, որովհետև Կարեն Կարապետյանը նորից օժիտ ստացավ իր գործի արգելակներին և վերահսկիչ շլագբաում՝ Դավիթ Հարությունյանի տեսքով՝ արդարադատության համակարգի որևէ փոփոխության առաջ: Համակարգի անփոփոխության երդվյալները աջակից ունեն՝ տնտեսական վիճակը: Հայաստանի արտաքին պարտքը 6 միլիարդ դոլար է, տնտեսությունը ճգնաժամի մեջ է, ներդրումներ նման պայմաններում անում են խելագարները: Ֆինանսական աշխարհում խելագարներ լինում են միայն քաղաքական հրահանգի դեպքում: Բայց նա լիուլի տվել է խոստումներ, ու դա նրա 6-րդ սխալն էր:
Հրաժարական կտա՞ վարչապետը: Չի տա: Իզուր են նրան վերագրում ցանկություն, որ չունի: Հրաժարականի ցանկություն չուներ Տիգրան Սարգսյանը, ոչ էլ Հովիկ Աբրահամյանը: Տիգրան Սարգսյանն աշխատեց 2008-ի ապրիլի 9-ից 2014-ի սեպտեմբերի 12-ը՝ 6 տարի: Հովիկ Աբրահամյանը՝ 2014-ի ապրիլի 13-ից՝ 2016-ի սեպտեմբերի 8-ը՝ 2,5 տարի: Կարեն Կարապետյանը դեռ չի հասել սեպտեմբերին, երբ կլրանա 1 տարին: Նախորդ երկուսի աշխատանքի հետևանքներին ամեն օր բախվում է ներկա վարչապետը: Ինչ արդյունքներ էլ պաշտոնապես հրապարակվում էին՝ նրանք պետությունը պահում էին վարկերի հաշվին: Տիգրան Սարգսյանը երկար ժխտում էր ֆինանսական ճգնաժամը, օլիգոպոլիաների դեմ պայքար ու դիվերսիֆիկացիայի նպատակ հայտարարեց, բայց ոչինչ էլ չարեց՝ համակարգի դիմադրությունը նրանից ուժեղ էր: Հովիկ Աբրահամյանը նրա սխալները չկրկնեց, հայտարարեց, որ աշխատելու է հրապարակային, հրապարակայնությունը արդյունավետ է, երբ հաջորդում է գործին, իսկ նրա գործը համակարգը ամրապնդելն էր, ոչ թե փոխելը, ամրապնդելը և իր ենթակայության տակ տանելը, որը կանխվեց պաշտոնանկությամբ:
Կարեն Կարապետյանին հրաժարական պարտադրել հիմա ձեռնտու չէ Սերժ Սարգսյանին: Ո՞վ է նրան մի քանի ամսով փոխարինելու: ՀՀԿ-ի կադրային բանկը սնանկ է՝ թեկնածուները շատ են, բայց չկան հասարակական պահանջարկ ու ընկալում ունեցողներ: Կարեն Կարապետյանին պետք է նախ վարկաբեկել, հետո նրանից ազատվել, որ հետո ով էլ նշանակվի, համարվի հույս: Իսկ նա չի պաշտպանվում ու թողնում է՝ տպավորություն ստեղծվի, որ ինքը թույլ է, դա նրա 7-րդ սխալն է: Այսինքն՝ վարկաբեկումը կշարունակվի՝ այդ թվում հրաժարականի պարբերական «արտահոսքով», բայց հրաժարական չի լինի: Նույնիսկ եթե Կարեն Կարապետյանը իր ձեռքով դիմումը գրի ու ոտքով Հանրապետության հրապարակից գնա Բաղրամյան 26՝ հետը տանելով յուրային նախարարներին:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Ի՞նչ է անելու Սերժ Սարգսյանը 2018-ի ապրիլի 9-ից հետո: Նորից հրապարակ է նետելու ՀՀԿ-ի սկզբունքորեն անիրագործելի ծրագրերը՝ մինչև դարավե՞րջ: Դա աբսուրդ է, որ կարող է ընդունվել խոր ապատիայով, որի հետևանքը արտագաղթն է: Կարող է մարդկանց փողոց հանել՝ ի վերջո նրանց վճարել են 2017-ի, բայց ոչ 2018-ի համար: ՀՀԿ-ն չի կարող կանխել, ԲՀԿ-ն՝ նույնպես: ՀՅԴ-ն առավել ևս: «Ելքը» ոչ միայն չի կանխի, այլև ինքը փողոց դուրս կգա: Մենք զիկուրատի քանդվելը ապրել ենք, pentecost-ը՝ ոչ: Հազարավոր տարիները մեզ համար չունեցան այնքան ժամանակ, որ մեկնեն pentecost-ի խորհուրդը: Հայաստանում բաբելոնյան խառնակությունը շարունակվում է՝ առաքյալներ են պետք, որ գիտեն բոլորի բոլոր լեզունե՞րը: Քիչ է: Պենտեկոստի խորհրդին պիտի ժողովուրդը տիրապետի:

Դիտվել է՝ 3283

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ